Հայրենագիտական քայլք Աշտարակ քաղաքում

Սուրբ Սարգիս եկեղեցի

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XIX դարում, հին եկեղեցու տեղում։ Մոտակայքում գտնվում են 1664 թվականի կամրջի ավերակները։ Այս հովհարաձև գմբեթավոր եկեղեցու թմբուկը զարդարված է չորս փոքրիկ պատուհաններով։ Եկեղեցու ներքին քարերը փոխված չեն, սակայն ճակատը վերջերս ենթարկվել է վերանորոգման։ Սբ. Սարգիսը նոր տեսք ունի, սակայն հին քարերի արձանագրությունները և քանդակները վկայում են եկեղեցու իրական տարիքի մասին։ Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ձորի եզրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի երեք եկեղեցիները՝ Կարմրավորը, Սպիտակավորը, Ծիրանավորը:

Կարմրավոր եկեղեցի

Այս խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցու արտաքին չափսերն են 5,9 x 7,4 մետր։

Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Եկեղեցու կղմինդրը ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է։ Եկեղեցու արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին։

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով` փոքր քույրը, սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Ծիրանավոր եկեղեցի

Կառուցվել է 5-6-րդ դարերում Ներսես Բ Բագրևնադցի կաթողիկոսի կողմից։ Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի՝ գմբեթը պահող սյուներով։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և հարավային պատի։ Եկեղեցու արտաքին պարագիծն ունի 12,6 մ լայնություն և 25,3 մ երկարություն։ Աղոթասրահը (9,5 x 19,5) երեք զույգ մույթերի տեղադրությամբ բաժանված է միջին և կողքի նավերի, որոնց արևելյան կողմում համապատասխանաբար տեղավորված են ավագ խորանի, հատակագծում՝ պայտաձև, աբսիդը և նրա կողմերում՝ քառակուսի ավանդատները։

Սպիտակավոր եկեղեցի

Կառուցվել է V-VI դդ, վերակառուցվել՝ XIII -XIV դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։ Ներկայումս Սպիտակավոր եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայ Առաքելական Եկեղեցուն:

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

Հայտնի գրող Պերճ Պռոշյանի (1837-1907) տուն-թանգարանը հիմնադրվել է 1948 թ-ին Աշտարակում: Թանգարանն ունի երեք ցուցասրահ: Սրահներից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով: Մյուս երկուսում ներկայացված է նրա կյանքի և աշխատանքի հետ կապված հարուստ ժառանգություն: Այսօր այստեղ պահվում է ավելի քան 2000 թանգարանային նմուշ, գիտական ​​և օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հնարավորություն են ունենում ծանոթանալու գրողի ստեղծագործական, մանկավարժական և սոցիալական գործունեությանը: Թանգարանը Աշտարակի ամենաակտիվ մշակութային կենտրոններից մեկն է: Այստեղ կազմակերպվում են Պռոշյանի ստեղծագործություններին նվիրված միջոցառումներ:

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

ՔԱՍԱԽ ԳԵՏ

Քասախ գետն ունի երեք ակունք՝ Քարաղբյուր, Դազքենդ և Ծաղկահովիտ գետակները: Քարաղբյուրը սկիզբ է առնում Փամբակի լեռնալանջերից, իսկ Դազքենդն ու Ծաղկահովիտը՝  Արագածի հյուսիսային լանջերից: Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։

Քասախ գետի վրա կան քարե գեղեցիկ կամուրջներ. Աշտարակի և Օշականի կամուրջները, ինչպես նաև Էջմիածնի հյուսիս-արևմտյան կողմում եղած կամուրջը, որը կանգուն է մնացել մինչև 1833թ: 1834 թ Քասախը վարարել և քշել-տարել է Հովհանավանքի Անապատը։

Քասախի կիրճում կան պաշտպանության համար հարմարեցված քարայրեր։ Ակունքների շրջանում պահպանվել են Տրդատ թագավորին վերաբերող մի հունարեն արձանագրություն և հեթանոսական մեհյանի մնացորդներ:

Ճամփորդապատում

Ձմեռային ճամբարի օրերին մենք այցելել ենք Արագածոտնի մարզ քաղաք Աշտարակ: Ճամփորդությունը շատ հետաքրքիր  էր քանի որ այցելեցինք մի քանի եկեղեցիներ՝ Սուրբ Սարգիս, Ծիրանավոր, Կարմրավոր, Սպիտակավոր, բոլոր եկեղեցիները կառուցվել էին V-VI դարերում: Գեղեցիկ ավանդույթ կա երեք քույրերի մասին, որի շնորհիվ էլ կառուցվել են՝ Ծիրանավոր, Կարմրավոր, Սպիտակավոր եկեղեցիները:

Այցելեցինք նաև Պերճ Պռոշյանի տուն թանգարան: Շատ տպավորված եմ՝ թանգարանում պահպանվել էին գրողի անձնական իրերը, նրա աշխատանքները:

Տեսանք Քասախ գետը և քայլեցինք Աշտարակ քաղաքի հնամենի կամրջի վրայով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով